07/01/2025
Սևան արշավականների ակումբը սովորության համաձայն տարին սկսել է քայլարշավով: Սևանը թերակղզուն կապող արահետով քայլելիս հանդիպեցինք օտարերկրացի զբոսաշրջիկների, ովքեր Ավստրալիայից էին եկել,տոներն անցկացրել էին Սևան քաղաքում և որոշել էին մեր արահետով քայլել դեպի թերակղզի, նրանց հիացմունքը և ոգևորությունը շատ մեծ էր․ ձյուն առաջին անգամ էին տեսնում, իսկ ամեն քայլափոխի հրաշալի տեսարան էր բացվում դեպի Սևանա լիճ և շրջակա ձյունապատ լեռներ։
Ամեն անգամ Երազանքի արահետով քայլելիս հպարտությամբ ենք լցվում, երբ տեսնում ենք զբոսաշրջիկների, ում ևս հետաքրքրել է այս արահետը․ հասկանում ենք, որ մեր տարածաշրջանում շատ գործ ունենք անելու, կան արահետներ, որոնք սպասում են իրենց հերթին։
Մեր փոքրիկ խնդրանքը տեղացիներին և քաղաքի հյուրերին, հարգել մեր աշխատանքը․ արահետի կառուցումը, գծանշումը և ցուցանակների տեղադրումը ահռելի աշխատանք է, որն արվում է մեր թիմի, ընկերների և գործընկերների շնորհիվ։
Հարգելի հրացանակիրներ ակնհայտ է, որ ջանք չեք խնայել ցուցանակը ծակոտկեն դարձնելու համար, խոստանում ենք առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ կարողանանք նորով փոխարինել ցուցանակը ձեր համար ևս հրաձգային նշանակետ տեղադրել։
Մաշտոցների հսկայական ցուցանակը ընդամենը 3 ամիս գոյատևեց, հուսով ենք անզգուշության արդյունքում է հողին հավասարեցվել։
Բույսերի փոքրիկ ցուցանակը նույնպես տուժածների ցանկում է, շնորհակալ ենք, որ վնասելուց հետո այն թողել եք տեղում, դա նույնպես կփորձենք վերականգնել:
Ոչ ոք չի չեղարկել պատասխանատվությունը հանրային գույքի ու ուրիշի աշխատանքի նկատմամբ։ Գոնե կարելի էր տեղեկացնել և միասին հասկանայինք, թե ինչպես կարելի էր վերականգնել վնասը ՝ նվազագույնը մեր քաղաքի հյուրերին այսպիսի անմխիթար տեսքով չներկայանալու համար։