30/05/2026
Ժամանակն է երևի Ցինցինատուսի կերպարը արդիականացնել)
Լուցիուս Կվինկտիուս Ցինցինատուսը (մոտ մ.թ.ա. 519–430 թթ.) Հին Հռոմի պատմության ամենահայտնի և լեգենդար քաղաքական ու ռազմական գործիչներից է։ Նա պատմության մեջ մնացել է որպես քաղաքացիական պարտքի, համեստության և անձնազոհության բացարձակ խորհրդանիշ։
Նրա կերպարը իդեալական առաջնորդի էտալոն է համարվում։
Ցինցինատուսը հին հռոմեական պատրիկ (ազնվական) էր, որն իր կյանքի մի շրջանում թողել էր քաղաքականությունը և ապրում էր համեստ պայմաններում՝ սեփական ձեռքերով մշակելով իր փոքրիկ հողակտորը։
Մ.թ.ա. 458 թվականին Հռոմեական հանրապետությունը հայտնվում է սարսափելի ճգնաժամի մեջ. հարևան էկվերի ցեղը շրջափակման մեջ էր վերցրել հռոմեական բանակը, և քաղաքին կործանում էր սպառնում։ Սենատը ծայրահեղ որոշում է կայացնում՝ Ցինցինատուսին նշանակել դիկտատոր (Հռոմում դա պաշտոն էր, որը ճգնաժամային իրավիճակներում անձին տալիս էր բացարձակ, անսահմանափակ իշխանություն)։
Պատվիրակությունը գալիս է նրա մոտ այն պահին, երբ նա դաշտում արորով հող էր վարում։ Լսելով հայրենիքի վտանգված լինելու մասին՝ նա անմիջապես սրբում է քրտինքը, հագնում տոգան և ստանձնում հրամանատարությունը։
Ցինցինատուսին օրենքով տրված էր 6 ամիս բացարձակ իշխանություն, բայց նա ընդամենը մի քանի օրում հավաքագրում է նոր բանակ, ռազմավարական փայլուն քայլով ջախջախում է թշնամուն և փրկում շրջափակված հռոմեացիներին, հաղթանակից անմիջապես հետո՝ իր պաշտոնավարման 15-րդ օրը, վայր է դնում բացարձակ իշխանությունը, հրաժարվում բոլոր արտոնություններից և վերադառնում իր դաշտը՝ շարունակելու հողագործությունը։
Գուցե հարց առաջանա թե ինչո՞ւ է նրա կերպարը կարևոր դեր խաղացել պատմության մեջ , և անգամ լսած կլինեք, օրինակ «ամերիկյան Ցինցինատուս» արտահայտությունը։
Բանը նրանում է, որ այն ժամանակաշրջանում, երբ պատմությունը լի էր իշխանության հետևից վազող, գահի համար մեկը մյուսին սպանող քաղաքական գործիչներով, Ցինցինատուսն ապացուցեց, որ կարելի է ունենալ բացարձակ իշխանություն, բայց այն օգտագործել բացառապես հայրենիքին ծառայելու, այլ ոչ թե սեփական հարստացման կամ փառքի համար։
Ցինցինատուսի կերպարի հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ իսկական քաղաքացին նա է, ով պատրաստ է վտանգի պահին վերցնել սուրը և պաշտպանել հայրենիքը, իսկ խաղաղության ժամանակ՝ վերադառնալ իր առօրյա աշխատանքին՝ առանց իշխանության մոլուցքի։
#քաղաքականացնել