18/09/2026
🔵 Ամեն անգամ, երբ հրապարակվում են , երկու օր խոսում ենք ու մոռանում՝ մինչև հաջորդ վիճակագրական տվյալների հրապարակումը։
🟣 Մինչդեռ զբոսաշրջության թվերն ինքնին արդյունք չեն, այլ դրանք պետք է լինեն պետական քաղաքականության արդյունավետությունը չափելու գործիք՝ ցույց տալու, թե ի՞նչ է փոխվել, ինչո՞ւ է փոխվել և ի՞նչ արդյունք են տվել իրականացված քաղաքականությունն ու ծախսված միջոցները։
🔵 Իսկ ներգնա զբոսաշրջության հիմքում պետք է դիտարկել մի ամբողջ համակարգ՝ օդային հասանելիություն, մրցակցային ավիաշուկա, տեղական և ազգային փոխադրողների զարգացում, ճշգրիտ վիճակագրություն, շուկաների խորքային վերլուծություն և, իհարկե, հետևողական պետական քաղաքականություն։
🟡 Եվ ինչպես միշտ՝ չեմ խորշում պնդել նաև մեկ կարևոր հանգամանք. հրապարակվող թվերը պետք է ճիշտ անվանել և ճիշտ մեկնաբանել։ Դրանք սահմանահատումների վարչական հաշվառման տվյալներ են՝ (ՍԷԿՏ), որոնք արտացոլում են սահմանային անցումների՝ մուտքերի և ելքերի քանակը, և ինքնին չեն հանդիսանում եզակի զբոսաշրջիկների թվի ուղիղ հաշվառում։
🔵 Այս տարբերությունը պարզապես վիճակագրական նրբություն չէ՝ եթե մենք ուզում ենք հասկանալ՝ իրականում քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, ո՞ր շուկաներից են նրանք եկել, որքա՞ն են մնացել, որքա՞ն են ծախսել և ի՞նչ տնտեսական արդյունք են ստեղծել, ապա մեզ անհրաժեշտ է ոչ միայն սահմանահատումների հաշվառում, այլև զբոսաշրջության ամբողջական, վերլուծելի և վստահելի վիճակագրական համակարգ` հակառակ դեպքում մենք պարզապես շարունակում ենք հաշվել թվերը՝ առանց հասկանալու, թե իրականում ի՞նչ են դրանք մեզ ասում։
🟣 Զբոսաշրջության պետական քաղաքականությունը չի կարող կառուցվել այս տրամաբանությամբ։ Թիվը պետք է ոչ թե պարզապես հրապարակել, այլ բացատրել՝ ինչո՞ւ է այն այդպիսին, որտեղի՞ց է գալիս, ի՞նչ կառուցվածք ունի, ի՞նչ տնտեսական արդյունք է ստեղծում և ի՞նչ պետք է անել հաջորդ փուլում։
🟡 Ու այստեղ սկսվում է ամենակարևոր հարցը` ո՞րն է Հայաստանի ներգնա զբոսաշրջության իրական հիմքը....
✈️ Իմ համոզմամբ՝ առաջին հերթին՝ օդային հասանելիությունը և զարգացած տեղական ավիացիան։
✈️ Զբոսաշրջիկը Հայաստան չի գալիս միայն այն պատճառով, որ մենք ունենք հին վանքեր, գեղեցիկ բնություն, գինի կամ լավ խոհանոց։ Նա նախ պետք է կարողանա Հայաստան հասնել՝ մատչելի գնով, հարմար երթուղով, բավարար հաճախականությամբ և վստահելի փոխադրողով։
✈️ Այսինքն՝ զբոսաշրջության մարքեթինգը սկսվում է ոչ միայն գովազդային հոլովակից կամ միջազգային ցուցահանդեսից` շատ հաճախ այն սկսվում է հենց օդանավակայանից։
🔴 Եվ այստեղ է, որ տարիներ շարունակ մեր քաղաքականության մեջ ես տեսնում եմ հիմնական բացը...
✈️ Low-cost-ը խնդիր չէ, խնդիրը՝ առանց տեղական ավիացիայի low-cost-ն է։
✈️ Ես երբեք չեմ ասել, որ Հայաստանում չպետք է գործեն low-cost ավիաընկերություններ։ Ընդհակառակը՝ ցածրարժեք փոխադրողը կարող է հսկայական առավելություն լինել ցանկացած զբոսաշրջային ուղղության համար` (արտագնա, այլ ոչ թե ներգնա): Ներտնայի համար միայն այն դեպքում, երբ այն գործում է իրական մրցակցային ավիաշուկայում։
✈️ Իսկ մրցակցային շուկան միայն այն չէ, որ մի քանի օտարերկրյա ավիաընկերություններ թռչում են Հայաստան։ Հարցն այն է՝ ունե՞նք արդյոք նաև սեփական ավիացիոն կարողություն, որը կարող է ստեղծել նոր երթուղիներ, սպասարկել այն ուղղությունները, որտեղ շուկան դեռ փոքր է, ապահովել սեզոնային թռիչքներ, աշխատել տուրօպերատորների հետ և ձևավորել ամբողջական զբոսաշրջային առաջարկ։
✈️ Այստեղ է սկսվում տեղական ավիացիայի իրական նշանակությունը։
✈️ Ազգային կամ տեղական փոխադրողը պարզապես ինքնաթիռներ շահագործող ընկերություն չէ`այն զբոսաշրջության շուկայի զարգացման հիմնական գործիքն է'։
🟣 Եվ սա է այն հատվածը, որի մասին, իմ կարծիքով, Հայաստանի զբոսաշրջային քաղաքականության մեջ շատ ավելի լուրջ պետք է խոսել. ոչ թե՝ քանի՞ զբոսաշրջիկ եկավ, այլ՝ ինչպիսի՞ օդային կապ ստեղծեցինք, ո՞ր շուկաներից, ի՞նչ գնով, ի՞նչ հաճախականությամբ, ի՞նչ ավիաընկերությունների միջոցով և ի՞նչ տնտեսական արդյունքով։
🔵 Որովհետև եթե մենք ամեն տարի պարզապես հաշվում ենք ժամանածների թիվը, բայց չենք վերլուծում այդ թվի ձևավորման մեխանիզմը, ապա վիճակագրությունը դառնում է ոչ թե քաղաքականության գործիք, այլ պարզապես հերթական հրապարակման առիթ։
🟣 Իսկ զբոսաշրջությունը միայն թվերի մասին չէ` թվերի հետևում պետք է լինի քաղաքականություն, իսկ քաղաքականության հետևում՝ հաշվարկված արդյունք։
✈️ Երբ շուկայում կան տարբեր ավիաընկերություններ, երբ կա տեղական փոխադրող, երբ պետությունը ոչ թե կախված է մեկ կամ մի քանի օտարերկրյա ընկերությունների որոշումներից, այլ ունի սեփական ավիացիոն շուկա զարգացնելու կարողություն։
✈️ Որովհետև օտարերկրյա ավիաընկերությունը Հայաստանի ազգային շահերի կրողը չէ։ Նրա հիմնական շահը իր բիզնեսն է և դա բնական է։
✈️ Հենց այդ պատճառով էլ պետությունը պետք է ունենա այնպիսի ավիացիոն քաղաքականություն, որի շրջանակում օտարերկրյա փոխադրողների ներկայությունը լրացնում է տեղական ավիացիան, այլ ոչ թե փոխարինում այն։
🟢 Այսօր պաշտոնական ռազմավարական փաստաթղթերում նույնպես օդային կապի ընդլայնումը դիտարկվում է որպես զբոսաշրջային հոսքերի աճի կարևոր նախապայման։
🟡 Բայց այստեղ կա շատ ավելի խորքային խնդիր` ✈️ Ազգային փոխադրողը պարզապես ինքնաթիռ չէ, ✈️ Ազգային կամ ուժեղ տեղական ավիափոխադրողը միայն տոմս վաճառող ընկերություն չէ` այն կարող է՝ ձևավորել նոր ուղղություններ, աշխատել տուրօպերատորների հետ, ստեղծել սեզոնային չվերթներ, թռիչքներ կազմակերպել կոնկրետ զբոսաշրջային միջոցառումների համար, ձևավորել փաթեթներ, մուտք գործել նոր շուկաներ, համագործակցել տուրիստական ընկերությունների հետ, և ամենակարևորը՝ երկրի զբոսաշրջային ռազմավարության շահագրգիռ մասնակից լինել։
✈️ Այդ պատճառով տեղական ավիափոխադրողին ես դիտարկում եմ ոչ միայն որպես տրանսպորտային ընկերություն, այլ որպես զբոսաշրջության ենթակառուցվածքի մաս։
✈️ Օտարերկրյա ավիաընկերությունը կարող է բերել ուղևոր, սակայն տեղական ավիափոխադրողը կարող է մասնակցել ուղևորահոսքի ձևավորմանը, իսկ սրանք նույն բաները չեն։
🟡 Իսկ մենք ի՞նչ քաղաքականություն ենք ընտրել....
✈️ 2019-ից սկսած՝ Հայաստանում մեծ շեշտադրում արվեց օտարերկրյա, հատկապես low-cost ավիաընկերությունների ներգրավման վրա։ Այդ քաղաքականությունը ներկայացվում էր որպես մատչելի ավիափոխադրումների զարգացման ճանապարհ։
🟡 Բայց հարցն այն է՝ ի՞նչ եղավ զուգահեռաբար հայկական ավիացիայի զարգացման հետ։
🔴 Այսօր արդեն դժվար է խոսել այնպիսի կայացած ազգային ավիացիոն համակարգի մասին, որը կարող է իրական մրցակցություն ստեղծել և ինքնուրույն ձևավորել Հայաստանի կապը արտաքին շուկաների հետ։
🔴 Ավելին՝ Հայաստանի ավիացիոն վերահսկողության խնդիրները երկար ժամանակ ունեցել են նաև եվրոպական հետևանքներ։ Եվրոպական հանձնաժողովի փաստաթղթերը արձանագրում են, որ 2020 թվականի հունիսին Հայաստանի իշխանությունների կողմից հավաստագրված բոլոր ավիափոխադրողները ներառվել են ԵՄ օդային անվտանգության ցուցակի սահմանափակումների ներքո։ 2025 թվականի սեպտեմբերին ԵՄ-ն Հայաստան իրականացրել է տեղում գնահատման այց, արձանագրել առաջընթաց, սակայն 2026 թվականի հունիսի դրությամբ դեռևս բավարար հիմքեր չի համարել սահմանափակումները հանելու համար։
🔴 Սա արդեն պարզապես ավիացիոն տեխնիկական խնդիր չէ`սա նաև զբոսաշրջության խնդիր է։
✈️ Որովհետև եթե հայկական փոխադրողը չի կարող լիարժեք օգտագործել եվրոպական շուկայի ներուժը, իսկ շուկայի այդ հատվածում գերակշռում են օտարերկրյա փոխադրողները, ապա մենք կորցնում ենք ոչ միայն ավիացիոն, այլ նաև զբոսաշրջային հնարավորություններ։
🟡 Իսկ պետական աջակցությունն ո՞ւմ պետք է ուղղվի...
💰 2025 թվականի ապրիլի 23-ի կառավարության N495-Լ որոշմամբ սահմանվեց նոր ուղղություններից Հայաստան օդային ուղևորներ բերող ավիաընկերություններին ֆինանսական աջակցություն՝ «Զվարթնոցում» յուրաքանչյուր համապատասխան ուղևորի համար 20 հազար, իսկ «Շիրակում»՝ 15 հազար դրամ հաշվարկով։ Ծրագիրը հետագայում փոփոխվել է, բայց դրա տրամաբանությունը շարունակում է մնալ նոր օդային ուղղությունների խթանումը։
🟡 Հարցը ոչ թե այն է՝ աջակցե՞լ, թե՞ չաջակցել ավիաընկերություններին, այլ հարցն այն է՝ ինչպիսի՞ աջակցություն է պետք և ի՞նչ արդյունք ենք դրա դիմաց ակնկալում։
💰 Եթե պետական գումար ենք ծախսում, պետք է կարողանանք պատասխանել.
✓Ո՞ր շուկան է թիրախավորվում,
✓ Քանի՞ զբոսաշրջիկ պետք է բերի այդ ուղղությունը,
✓Որքա՞ն պետք է ծախսի այդ զբոսաշրջիկը Հայաստանում,
✓Որքա՞ն հարկային և տնտեսական եկամուտ է ստեղծվելու,
✓ Քանի՞ տարի պետք է պահպանվի ուղղությունը,
✓ Եվ ամենակարևորը՝ ինչպե՞ս է այդ աջակցությունը նպաստում Հայաստանի սեփական ավիացիոն կարողությունների զարգացմանը։
🔴 Եթե այս հարցերի պատասխանները չկան, մենք պարզապես վճարում ենք ուղևորի Հայաստան գալու համար, իսկ դա դեռևս զբոսաշրջության ռազմավարություն չէ։
🔵 Հիմա՝ ամենակարևոր խնդիրը՝ վիճակագրությունը...
🔵 Ամեն անգամ, երբ տեսնում եմ զբոսաշրջության հերթական թիվը, ուզում եմ հարցնել. ՍԷԿՏ, դու՞ ես: Խնդիրը ոչ թե թվերի գոյությունն է` խնդիրը դրանց մեկնաբանությունն ու մեթոդաբանությունն է։
🔵 Սահմանային անցման կետերից ստացված վարչական տվյալները կարող են արձանագրել մուտքեր և ելքեր, բայց դրանք ինքնին չեն նշանակում եզակի զբոսաշրջիկների հաշվառում։ Օրինակ՝ նույն անձի բազմաթիվ մուտքերն ու ելքերը կարող են տարբեր այցելություններ առաջացնել։
🟡 Ուստի ցանկացած հրապարակման ժամանակ պետք է հստակ ասել՝ ի՞նչ է հաշվվում՝ սահմանահատո՞ւմ, այցելությո՞ւն, թե՞ եզակի միջազգային այցելու։
🔵 Այս հարցը այնքան կարևոր է, որ Հայաստանի 2026–2030 թվականների զբոսաշրջության ռազմավարության գործողությունների ծրագրում առանձին ուղղություն է նախատեսված զբոսաշրջային վիճակագրության բարելավման համար՝ տվյալների հավաքագրման և վերլուծության համակարգերի կատարելագործմամբ, ներառյալ այցելության նպատակը, տևողությունը, տարածքային բաշխումը և այլ ցուցանիշներ։
🟢 Այսինքն՝ խնդիրը պետական մակարդակով արդեն իսկ ճանաչված է, բայց դրա լուծումը չկա ։
🟡 Ուրեմն հարցն այլևս այն է՝ երբ կունենանք ամբողջական և վերլուծելի համակարգ։
🔵 Թվերի հետևում պետք է տեսնել շուկայի կառուցվածքը
🔵 2024 թվականին Հայաստան զբոսաշրջային այցելությունները կազմել են 2,208,179՝ 2023-ի համեմատ նվազելով 4.7%-ով։ 2025-ին ցուցանիշը հասել է 2,263,642-ի՝ 2.5% աճով։
🟢 2025-ի աճը, անշուշտ, փաստ է։
🟡 Բայց մեկ տոկոս կամ երկու տոկոս աճը դեռևս չի պատասխանում գլխավոր հարցին՝ ինչպիսի՞ զբոսաշրջություն ենք մենք կառուցում։
🔵 Որտեղի՞ց է գալիս աճը։ Ո՞ր շուկաներն են աճում։ Որքա՞ն է մեկ այցելուի միջին ծախսը։ Որքա՞ն է մնալու միջին տևողությունը։ Ո՞ր մարզեր է նա այցելում։ Ի՞նչ ծառայություններից է օգտվում։ Քանի՞ տոկոսն է վերադառնում երկրորդ անգամ։ Ի՞նչ ուղղություններով ենք կորցնում շուկա։ Եվ ամենակարևորը՝ ինչու՞։
🟢 2026 թվականի առաջին հինգ ամիսներին պաշտոնապես արձանագրվել է 825,384 զբոսաշրջային այցելություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 691,882-ի համեմատ 19.3% աճով։
🟢 Ըստ թվային պատկերի սա դրական ցուցանիշ է, 🟡 բայց կրկին՝ թիվը պետք է դառնա վերլուծության սկիզբ, ոչ թե վերջ, որպեսզի հասկանանք, ինչի մասին են խոսում թվերը` ներգնա տուրիզմի հոսքերի, թե կրկին հաշվել ենք ընդհանուր մուտքերը։
🟡 Հիշենք նաև նախկին խոստումները...
📌 2022 թվականին հրապարակային հայտարարությամբ նշվել էր մինչև 2026 թվականը տարեկան 2.5 միլիոն զբոսաշրջիկի հասնելու նպատակ։ Այդ ժամանակ խոսվում էր նաև զբոսաշրջության մարքեթինգային ծախսերը հնգապատկելու և յուրաքանչյուր զբոսաշրջիկից ստացվող տնտեսական արդյունքն ավելացնելու մասին։
🟡 Այսօր արդեն 2026 թվականն է և հետևողականորեն պետք է հարցնել.
✓Ի՞նչ արդյունք տվեցին այդ ծախսերըը,
✓Ո՞ր շուկաներում,
✓Ի՞նչ կոնկրետ արշավների,
արդյունքում,
✓Որքա՞ն գումար է ծախսվել,
✓Ի՞նչ չափելի արդյունք է ստացվել յուրաքանչյուր դրամի դիմաց,
✓Ո՞ր ուղղություններն են դարձել ինքնաբավ
✓ Ո՞ր ուղղությունների համար ենք շարունակում պետական միջոցներ ծախսել։
🟣 Այս հարցերը ոչ թե քննադատություն են, այլ սրանք հաշվետվողականության սովորական հարցեր են։
📣 Իսկ ինչո՞ւ ենք շարունակում մտածել միայն մարքեթինգի մասին...
📣 Հայաստանը կարող է միլիոնավոր դոլարներ ծախսել միջազգային ցուցահանդեսների, գովազդի, հոդվածների, influencer-ների և տարբեր PR արշավների վրա....
🔴 Բայց եթե զբոսաշրջիկը հետո տեսնում է` թանկ ավիատոմս, թանկ հյուրանոց, թանկ սնունդ, թանկ տրանսպորտ, գին-որակ անհամապատասխանություն, բարդ մուտքի գործընթաց, անբավարար ենթակառուցվածքներ, ապա մարքեթինգը սկսում է աշխատել ոչ թե մեր համսր, այլ մեր դեմ։
🟡 Զբոսաշրջիկին կարելի է համոզել մեկ անգամ գալ, բայց երկրորդ անգամ գալու համար նրան պետք է փորձ և այդ փորձը ոչ մի գովազդային արշավ չի կարող փոխարինել։
🌿 Պետք է նշեմ, որ բնապահպանությունն էլ զբոսաշրջային քաղաքականության կարևորագույն մաս է։
🌿 Այսօր գլոբալ զբոսաշրջային շուկան արագ փոխվում է։ Զբոսաշրջիկը ավելի ու ավելի հաճախ ընտրում է ոչ միայն «ինչ տեսնել», այլ նաև՝ որտեղ և ինչ պայմաններում անցկացնել իր ժամանակը։
🌿 Մաքուր միջավայր, բնության պահպանություն, կայուն զբոսաշրջություն, տեղական համայնքների ներգրավվածություն՝ դրանք այլևս երկրորդական թեմաներ չեն։
📣 Ուստի զբոսաշրջային մարքեթինգը չի կարող սահմանափակվել հայտնի դեմքեր հրավիրելով ..
🌿 Ոչ մի աստղային այց չի կարող երկարաժամկետ փոխարինել մաքուր օդին, պահպանված բնությանը, որակյալ ենթակառուցվածքներին և քաղաքակիրթ ծառայությանը։
🟡 Եվ վերջապես՝ գինը...
💰 Եթե հարևան երկրներում զբոսաշրջիկը նույն կամ ավելի բարձր որակի ծառայություն ստանում է ավելի ցածր գնով, ապա Հայաստանը մրցակցում է ոչ միայն իր տեսարժան վայրերով։
💰 Այն մրցակցում է ընդհանուր ճանապարհորդության արժեքով։ Ավիատոմս + հյուրանոց + սնունդ + տրանսֆեր + էքսկուրսիա + ապահովագրություն + այլ ծախսեր։
💰 Հենց սա է իրական զբոսաշրջային ապրանքի գինը։
🔴 Ու եթե այդ ամբողջ փաթեթը մեզ մոտ ավելի թանկ է, ապա միայն «Հայաստանը հետաքրքիր երկիր է» ասելով շուկա չենք հաղթելու։
🟣 Ուրեմն ի՞նչ է պետք անել...
🟣 Հայաստանի զբոսաշրջության քաղաքականությունը պետք է կառուցվի ոչ թե հերթական հրապարակված թվի շուրջ, այլ ամբողջական համակարգի շուրջ։
✈️ Այդ համակարգի հիմքում պետք է լինեն՝
Զարգացած տեղական և ազգային ավիացիա,
իրական մրցակցային ավիաշուկա, որտեղ low-cost-ը մրցակից է, ոչ թե շուկայի փոխարինողը, ԵՄ ուղղությամբ հայկական ավիափոխադրողների գործունեության սահմանափակումների վերացում և ավիացիոն վերահսկողության համակարգի շարունակական բարելավում։
🔵 Ճշգրիտ, թափանցիկ և միջազգային համադրելի զբոսաշրջային վիճակագրություն։ Յուրաքանչյուր շուկայի համար առանձին ռազմավարություն։
💰 Մարքեթինգային ծախսերի ոչ միայն հաշվառում, այլ արդյունավետության չափում։ Գին-որակ հարաբերակցության բարելավում։
🌿 Մարզային զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացում։ Բնապահպանությունը՝ որպես զբոսաշրջային քաղաքականության բաղկացուցիչ։
🟡 Անվտանգության և երկրի միջազգային ընկալման հետ կապված ռիսկերի կառավարում։ Զբոսաշրջիկի ծախսի, մնալու տևողության և վերադարձի մակարդակի չափում՝ պարզապես «քանի հոգի եկավ» ցուցանիշից բացի։
🟣 Եվ ամենակարևորը՝ պետական քաղաքականության շարունակականություն։
🔴 Ոչ թե ամեն տարի նոր գաղափար։ Ոչ թե ամեն անգամ նոր պաշտոնյա։ Ոչ թե ամեն ամիս նոր PR արշավ։ Ոչ թե հերթական «ռեկորդային թիվը»։
🟢 Այլ՝ հստակ նպատակ, գործողությունների ծրագիր, ֆինանսավորում, չափելի ցուցանիշ, արդյունքի գնահատում, անհրաժեշտության դեպքում քաղաքականության փոփոխություն։
🟣 Սա է հետևողական աշխատանքը։
🟡 Որովհետև զբոսաշրջությունը չի զարգանում մամուլի հաղորդագրություններով։ Չի զարգանում նաև մեկ հայտնի մարդու այցով։ Չի զարգանում միայն low-cost ավիաընկերություն բերելով։ Եվ առավել ևս չի զարգանում միայն վիճակագրական թվերը հրապարակելով։
🟢 Զբոսաշրջությունը զարգանում է այն ժամանակ, երբ երկիրը ստեղծում է այնպիսի պայմաններ, որ զբոսաշրջիկը կարողանա հեշտ գալ, ցանկանա մնալ, գումար ծախսել, ստանա իր վճարածի դիմաց համապատասխան արժեք և ցանկանա վերադառնալ։
🔵 Իսկ դրա համար առաջին հերթին պետք է ոչ թե ամեն անգամ նոր թիվ հրապարակել, այլ վերջապես սկսել այդ թվերի հետևից գնալ։
⚫ Թվից՝ վերլուծության, վերլուծությունից՝ որոշման, որոշումից՝ գործողության, գործողությունից՝ արդյունքի։
⚫ Հակառակ դեպքում մենք շարունակելու ենք ունենալ նույն պատկերը՝ երկու օր խոսում ենք զբոսաշրջության թվերի մասին և հետո մոռանում ենք մինչև հաջորդ թիվը։
✅Նյութը պատրաստվել է 2017 թվականից միջազգային շուկաներում զբոսաշրջային նախագծեր մշակող և իրականացնող AN NOUR TOUR-ի մասնագիտական թիմի աջսկցությամբ՝ հիմնվելով տարիների գործնական փորձի և միջազգային զբոսաշրջային փորձի համադրության վրա։