27/02/2020
ԳԵՂԱՐԴ (Գեղարդավանք, նաև Այրիվանք)
🇦🇲
Մարզ՝ Կոտայք
Դավանանք՝ Հայ Առաքելական եկեղեցի
Կառուցում՝ 4-րդ դարի սկիզբ
Միջնադարյան վանական համալիր Հայաստանում։
Գեղարդավանքը հայկական միջնադարյան խոշոր համալիրներից մեկն է՝ հռչակավոր իր ինքնատիպ ու եկեղեցաշինության մեջ եզակի ճարտարապետական հորինվածքով՝ մի մեծ ժայռի մեջ փորված երկու վիմափոր եկեղեցիներով, գավիթով, մեծ ժամատուն-դամբարանով, խցերով ու մատուռներով, որոնք հարավային կողմում ներդաշնակորեն միանալով մեկ ուրիշ գավթի ու եկեղեցու, կազմում են պաշտամունքային մի համալիր՝ չզիջելով աշխարհի նմանօրինակ մյուս կառույցներին։
Վանքն ի սկզբանե կոչվել է Այրիվանք՝ միաբանների ձեռքով փորված բնական այրերն իբրև ճգնարաններ օգտագործելու պատճառով: Շրջակայքում գտնվել են այդպիսի շուրջ 140 այր, որ ընդամենը մի մասն է բազում ճգնարանների, որոնք դարերի ընթացքում փլուզվել են՝ փխրուն նստվածքային ապարների մեջ փորված լինելու պատճառով: 13-րդ դարից սկսած՝ Այրիվանքը մատենագրության մեջ և բանավոր խոսքում աստիճանաբար վերանվանվել է Գեղարդավանք՝ ի պատիվ նույն դարից այստեղ պահվող Հայաստանյաց Եկեղեցու մեծագույն սրբություններից մեկի:
Սկզբից ևեթ մենաստանը վերածվել է «հայոց տան» և հոգևոր ամրոցի, եղել հայոց թագավորների ու իշխանների, բարձրաստիճան հոգևորականների սիրելի վայրը: Հիմնադրվել է Հայոց Մեծ դարձից անմիջապես հետո՝ 301թ. Սուրբ Գրիգոր Լուսավորչի նախաձեռնությամբ:
Ներկայիս հնագույն պաշտամունքային կառույցը եռահարկ, կիսավիմափոր Ս. Աստվածածին եկեղեցին է: Գտնվում է վանքի կենտրոնական մուտքին ՝ արևմտյան կողմում։
Խորանի կենտրոնում Աստվածածնի պատկերն է՝ մանուկ Հիսուսը գրկին, երկու կողքերին՝ հրեշտակներ, իսկ առաստաղին Պռոշ իշխանի և նրա ընտանիքի խմբանկարն է, որոնք, սակայն, վնասվել են մրի և խազերի պատճառով:
Դարերի ընթացքում թշնամու զորքերը Հայաստանի շատ քաղաքներ ու գյուղեր են ավերել և հավասարեցրել են հողին, բայց Գեղարդը կանգուն է` որպես մեծագույն հաղթանակի խորհրդանիշ, որպես հայ ժողովրդի ստեղծագործ ոգու մարմնացում: